1921 թ. փետրվարի 18-ը.
ժողովրդական ապստամբությամբ բոլշևիկները վռնդվեցին իշխանությունից։
Քեմալիստների Արևմտյան Հայաստան ներխուժումից հետո (զինված բոլշևիկների կողմից) և գերտերությունների օժանդակության արդեն սովորական դարձած բացակայության պայմաններում, Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարները (1918-1920) և ստիպված են 1920-ի դեկտեմբերի 2-ին իշխանությունը զիջել բոլշևիկներին։ Սովետական Ռուսաստանի հովանավորությունը պետք է խաղաղություն և պարենային ապահովություն բերեր ցեղասպանությունից, պատերազմներից, համաճարակներից և սովից հյուծված ժողովրդին։ Բայց ահավասիկ, իշխանության փոխանցումը խաղաղ կերպով տեղի ունենալուց հետո, Կարմիր Բանակի կողմից նշանակված ՀեղԿոմը հաստատում է ավտորիտար և բռնի մի ռեժիմ։ ՉեԿայի (քաղաքական ոստիկանություն) իրականացրած մասսայական ձերբակալությունները, հետապնդումները, կտրուկ դատաստանով գնդակահարությունները առօրյա իրականություն են դառնում։
Հայաստանի ժողովուրդը՝ հատկապես գյուղացիները, հրաժարվում են ենթարկվել ահաբեկչական այս ռեժիմին։ Հայաստանցիների մի ստվար հատված՝ ապշած տեղի ունեցածով, հրաժարվում է զինաթափվել և այդ ի հեճուկս Մոսկվայի « պաշտպանության » խոստումների ինչպես նաև Վրացյանի ու Դրոյի (նախկին դաշնակ ղեկավարներ) օրենքին ենթարկվելու հորդորների։
Երբ թուրքական բանակից փրկված հայ գաղթականների նորանոր ալիքներ են հասնում Հայաստան, եկած Կարսից և այլ շրջաններից, հայկական սակավ ռեսուրսները ուղարկվում են Քաղաքացիական Պատերազմի մեջ թաթախված Ռուսաստան։ 1921-ի փետրվարի 12-ին Կովկասյան Կարմիր Բանակը ներխուժում է Վրաստան։ Անմիջապես, սովետական ռազմական ներկայության թուլացումը Հայաստանում պարարտ հող է ստեղծում սասունցիների ապստամբության համար. ապստամբություն, որ շատ արագ փոխակերպվում է հեղաշրջման ամբողջ երկրում՝ բազում անարդարություններից հոգնած ժողովրդի մեջ տարածվելով։ Փետրվարի 16-ին հայ հեղափոխականները մտնում են Երևան, փետրվարի 18-ին՝ հայտարարում Հայրենիքի Փրկության Կոմիտեն։ Հեղափոխական կառավարությունը վերջ է դնում բոլշևիկների ռեժիմին։ Հեղաշրջմամբ հաստատված կառավարությունը դիմանում է ընդամենը երկուսուկես ամիս։ 1921-ի ապրիլի 2-ին Կարմիր Բանակը մտնում է Երևան և վերհաստատում իր ռեժիմը։ Լենինի մտերիմ Մյասնիկյանի նախագահությամբ ձևավորվում է նոր ՀեղԿոմ։ Այն ժողովրդի հանդեպ առավել բարենպաստ և չափված օրակարգ է ընդունում։ Չնայած Երևանի անկումին՝ հեղափոխականները շարունակում են իրենց պայքարը կենտրոնանալով երկրի հարավում։ Լեռների վրա ծվարած Զանգեզուրում 1921 թվականի փետրվարի 25-ին հռչակվում է Անկախ Սյունիքը, իսկ ապրիլի 26-ին Լեռնահայաստանի Հանրապետությունը։ Նրանք դիմադրում են երեք ամիս, 1921-ի հուլիսի 13-ին Կարմիր Բանակը հասնում է Հայաստանի ամենահարավային Մեղրի բնակավայրը։ Այդ հերոսական դիմադրության շնորհիվ Սովետական Ռուսաստանը Զանգեզուրը ընդգրկում է Սովետական Հայաստանի սահմաններում։